Դարերով, հազարամյակներով է չափվում հայոց պատմությունը, որի էջերում ուսանելի այնքան շատ բան կա, ինչը փոխանցվում է սերնդից սերունդ։
Հայրենասիրության ու դավաճանության բազում ու բազմապիսի դեպքեր և իրադարձություններ են կատարվել հայոց հողի վրա տարբեր դարաշրջաններում և այդ ամենը գրավոր և բանավոր արձանագրվել է ժողովրդի հիշողության մեջ, փոխանցվել է դարից դար։ Մեր գրիչներն ու պատմիչները, գրողներն ու պատմաբանները սկսած հինգերորդ դարից մինչև մեր օրերը կատարում են վերոնշյալ կարևոր պարտավորություններն ու պարտականությունները։ Այսպես, սերնդից սերունդ, հարյուրամյակից հարյուրամյակ, պատմաշրջանից պատմաշրջան անցնում է ու ժողովրդի հավաքական հիշողության մեջ ամրանում, ամփոփվում է հայրենիքի համար անձնուրաց, անձնազոհ գործ կատարած գործիչների, զինվորների ու զորականների անձն ու անունը, նրանց հիշատակը վերածվում է ակնածանքի ու խոնարհումի դասի։
Միաժամանակ, մեր պատմության էջերում միշտ էլ սև ու ստոր գույներով են ներկայացված եղել դավաճանները՝ազգադավ ու ազգակործան անձինք։ Ոչ մի դավաճան դուրս չի մնացել հայոց պատմության ու սերունդների դատաստանից։ Նույնիսկ նրանք, ովքեր նաև դրական և ազգօգուտ գործեր են կատարել։
Այդ առումով, առաջին հերթին, նկատի ունեմ 5–րդ դարի հայ գործիչ Վասակ Սյունեցուն։ Նա հակառակվեց ապստամբության կողմնակից նախարարներին՝Վարդան Մամիկոնյան սպարապետին և բացահայտորեն հարեց պարսիկ զավթիչներին։
Եվ 451 թվականի մայիսի 26–ին հայոց համար պատմական այդ օրը, երբ Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում հայ և պարսկական բանակները կենաց և մահու ճակատամարտ էին մղում, Վասակ Սյունեցին իր համախոհներով գտնվում էր պարսկական ճամբարում, ինչն աններելի դավաճանություն ու ոճիր էր հայ սերունդների հանդեպ։ Թեև Վասակին արդարացնելու զանազան փորձեր եղել են տարբեր հեղինակների կողմից։ Վերոնշյալ հեղինակները (Գր. Խալաթյանց, Գր. Տեր–Պողոսյան, Բ. Կյուլեսերյան, Ն. Ակինյան, Խ, Վեմյան, Ա. Գարագաշյան, Հրանտ Արմեն և ուրիշներ) փորձել են կասկածի տակ առնել հայ անվանի մատենագիրներ Եղիշեի և Ղազար Փարպեցու հաղորդած տեղեկությունները Վարդանանց պատերազմի և հարակից դեպքերի շուրջ։ Մատենագիրների վկայությունների հավաստիության հարցը քննելով և շրջանառության մեջ դնելով, այդ հեղինակները ձգտում էին ապացուցել անապացուցելին, որ իբրև թե Վասակը իր դավաճանական շրջադարձը կատարել է հայրենասիրական մղումներով, ուխտազանց լինելով և անցնելով պարսից արքունիքի կողմը, դրանով իսկ փորձել է կանխել սպասվող արյունահեղությունը։
Սրանք սին, հորինովի, պատմական իրողություններին և տրամաբանությանը չհամապատասխանող տեսակետներ են։ Եվ եթե այդ ոգով ու ոճով առաջնորդվենք, ուրեմն, կարելի է արդարացնել ցանկացած դավաճանություն և ազգադավ արարք։ Ընդհակառակը, պետք է արժանին մատուցել և մշտապես փառաբանել հայ մատենագիրներին՝ Եղիշեին և Ղազար Փարպեցուն, որոնք ունենալով հայրենասիրական ճշմարտացի մոտեցում, արդարադատ դիրքորոշում որդեգրելով ժամանակի հասարական–քաղաքական իրադարձությունների նկատմամբ, խստորեն դատապարտել են դավաճանների գործունեությունը և նրանց գամել արհամարանքի և անարգանքի սյունին։
Հինգերորդ դարից մինչև օրս հայ ժողովրդի իրարարահաջորդ սերունդները հավատում են մեր նշանավոր մատենագիրների հաղորդած իսկություններին և, ըստ այդմ, Վասակն ու իր գործակիցները պատմության էջերում երևում են վատահամբավ ազգադավի փշե պսակով։ Եվ դա միանգամայն տրամաբանական է, արդարացի ու արդարացված։
Միշտ էլ վսեմ ու ակնածալից է եղել մեր ժողովրդի, լայն հանրության վերաբերմունքը հայոց ազնվակորով զավակների, արիասիրտ սպարապետների, անձնուրաց զորականների անվան ու հիշատակի հանդեպ։ Նրանց հանդեպ մեր ժողովրդի վերաբերմուքնը հասնում է ուղղակի և բացահայտ պաշտամունքի։
Հայոց մատենագրության վաղ շրջանի էջերում հանդիպում է մի շատ հուզախռով, զգայացունց պատմական դրվագ, որը կապված է չորորդ դարի հայ հայրենասեր սպարապետ Մանվել Մամիկոնյանի անվան ու գործունեության հետ։ Պատմիչ Փավստոս Բյուզանդը սերունդներին է թողել «Պամություն հայոց» վերնագրով մի շատ արժեքավոր աշխատություն, որն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության 4–րդ դարի դեպքերն ու իրադարձությունները (330–ական թվականներից մինչև 387 թվականը՝ մինչև Հայաստանի առաջին բաժանումը Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև)։ Բյուզանդի աշխատությունը հարուստ է բացառիկ արժեքավոր տեղեկություններով։ Նա հատուկ ակնածանքով է վերաբերմունք դրսևորում պարսից բռնապետության դեմ ժողովդրի մղած ազգային–ազատագրական պայքարի հանդեպ, մեծարում այդ պայքարի նահատակներին և հերոսներին։ Ահա այդպիսի վեհանձն ու արի հայրենասեր է սպարապետ Մանվել Մամիկոնյանը, որը ճակատագրական մի պահի ձգտում է համախմբել իր շուրջը հայրենասիրական բոլոր ուժերին և հակահարված տալ բոլոր զավթիչներին։ Այդ ժամանակ Հայաստանում ներքին և արտաքին առումներով ծանր, տագնապալից իրավիճակ էր ստեղծվել։ Երկրին սպառնում էր անկախության կորուստ։ Մանվել զորականը փորձում էր անել հնարավորն ու անհնարինը՝ վերոնշյալ իրավիճակը փոխելու համար։ Մի պահ դա նրան հաջողվում է։ Մանվելը 370–ական թվականների կեսերին հաստատվում է Տարոնում և իր վրա վերցնում Մամիկոնյան տոհմի նահապետությունը։ Նա կարողանում է երկրից դուրս քշել Վարազդատ թագավորին, որը հայտնի էր իր ապերախտությամբ, բանսարկություններով և ստոր արարքներով։ Բավական է նշել, որ վերջինիս մասին պատմիչ Բյուզանդը հետևյալն է հիշատակում. «Եւ էր նա մանուկ յաւուրց, լի արիութեամբ, կորովի ձեռոք, քաջ սրտիվ և մտաց թեթեւ»։ Վարազդատի կարճատև գահակալության ընթացքում էլ ավելի սրվեց երկրի ռազմաքաղաքական իրավիճակը։ Նրա վտարումից հետո Մանվել Մամիկոնյան սպարապետը հայոց գահին բարձրացնում է Պապի երիտասարդ որդուն՝ Արշակին, իսկ ինքը խնամակալ է դառնում։
Մանվել Մամիկոնյանի խնամակալության շրջանը տևում է յոթ տարի և անցնում է համեմատաբար խաղաղության մեջ։ Նա վիթխարի ջանքեր է գործադրում ամրապնդելու հայոց պետության ռազմաքաղաքական հզորությունը, վերացնելու նախարարների, ինչպես նաև արքունիքի և եկեղեցու միջև եղած հակասություններն ու հակամարտությունները։ Սակայն որքան էլ նա տաղանդավոր, հայրենատենչ ու անձնուրաց գործիչ լիներ, միևնույնն է, չէր կարող հիմնովին փոխել Հայաստանի սոցիալ–տնտեսական և քաղաքական անկայուն ու մասնատված կացությունը։ Նույն պատմիչը՝ Բյուզանդը, նշում է, որ Մանվելը «Մեծաւ իմաստութեամբ և բազում յաջողութեամբ աշխարհին Հայոց մեծապէս առաջնորդ էր» և «ուներ զաշխարհն ի շինութիւն»։
Ահա այսպիսին էր IV դարի հայ հայրենասեր զորական, հայրենիքի հանդեպ անսահման սիրով, նվիրումով և հավատարմությամբ տոգորված Մանվել Մամիկոնյան հայ անվանի զորականը։ Նրա հիվանդության և կյանքի վերջին պահերի շուրջ Փավստոս Բյուզանդը սերունդներին թողել է մի անչափ զգայացունց պատմություն, որն իր դրամատիզմով բացառիկ է մեր մատենագրության էջերում։ Արդեն տկար ու հիվանդ ժամանակ, հայ զորավարը անհատնում ծանր վիշտ է ապրում և դժգոհում է իր բախտից ու ճակատագրից, որ ինքը մեռնում է տանը և ոչ կռվի մեջ՝ պատերազմի դաշտում։ Վշտից դառնացած զորավարը, հանելով շապիկը և ցույց տալով ճակատամարտերում ստացած բազմաթիվ վերքերի սպիները, զայրույթով և դառնությամբ բողոքում ու բորբոքվում է, թե ինքը ինչո՞ւ չմեռավ պատերազմի դաշտում, ձիու վրա, հայրենիքի թշնամիների դեմ մարտնչելիս. «Ես ի մանկութենէ համակ սնայ ի պատերազմունս, և մեծավ քաջութեամբ զամենայն վէրս յանձն իմ առի. և ընդէ՞ր ոչ եհաս ինձ մեռանել ի պատերազմի»։
Ահա այսպես, ահա այպիսին էին միջնադարի հայ սպարապետները, որոնք իրենց մահով անգամ ձգտում էին օգտակար լինել հայրենիքին։
Չորրորդ դարից տասնվեց հարյուրամյակ անց՝ 20–րդ դարի վերջերին Արցախյան ազատամարտի բոցերում անձնազոհ ու անձնուրաց նոր զորականներ ու զինվորներ ծնվեցին։ Նրանց շարքում անպայմանորեն դրվատելի և հիշատակելի է «Արաբո» կամավորական ջոկատի զորահրամանատար Մանվել Եղիազարյանը։