«Արաբո» ջոկատը հարստացրեց մեր պատմությունը` իր հաղթանակներով

 «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը նախքան «Արաբո» ջոկատի ստեղծումը, իր ինն ընկերների (Ռազմիկ Վասիլյան, Վագիֆ Ավետիսյան, Արամ Թորգոմյան եւ այլոք) հետ ստեղծել էր Հայոց ազգային բանակը (ՀԱԲ), մարտադաշտ է գնացել, քանի որ ցանկացել է իրականացնել իր ժողովրդի նվիրական իղձերը:

1918-ին նրա պապերը մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին: Փոքրիկ Մանվելը տպավորվել է տատի պատմածներից, թե ինչպես 1920-ին թուրքերը թրով խփել են իր վեցամյա հորաքրոջը, որից ամիսներ անց նա մահացել է: Դրանից հետո Մանվելը մտածել է՝ թուրքն ո՞վ է, որ խփի հային, եւ վրեժխնդրությունը նրան տարել է մարտադաշտ:

Մանվել Եղիազարյանի պատմելով՝ իր պապերը եղել են Աղվանաց աշխարհից: 1967-ին, երբ ինքն ընդամենը եղել է յոթ տարեկան, տեղափոխվել են Նոր Արեշ: Դպրոցն ավարտելուց հետո Մանվել Եղիազարյանը ծառայել է խորհրդային բանակում, աշխատել է քիմիական գործարանում, Մոսկվայի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղում: 1988-ին, երբ սկսվել է Հայոց համազգային շարժումը, Եղիազարյանը եղել է առաջին շարքերում:

«Ինձ պետք չէր կարիերա, փող, պաշտոն, ես ուզում էի որպես անձ նվիրվել ժողովրդին: Մենք ուզում ենք աշխարհին պարտադրել, որ մորթվող ժողովուրդ չենք: Ես միշտ ցանկացել եմ, որ այլ ժողովուրդները մեզ հարգանքով վերաբերվեն»,- ասում է Մանվել Եղիազարյանը, որին այսօր էլ մտահոգում են նվիրյալ ազատամարտիկների՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնվելն ու պետության կողմից անտեսված լինելը:

Այսօր էլ Մանվել Եղիազարյանին մտահոգում է այն իրողությունը, որ մարդիկ՝ չունենալով կրթություն, առաքինություն, ոչ մի ներդրում զբաղեցնում են բարձր պաշտոններ եւ տնօրինում պետության ճակատագիրը, իսկ Արցախյան ազատամարտում ներդրում ունեցած ազատամարտիկները չեն մասնակցում երկրի կառավարմանը:

1989-ի մայիսին Մանվելը իր ընկերների հետ գնացել է Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկը՝ Խաչիկ եւ հայտնաբերել, որ այն թերակղզու պես մխրճված է ադրբեջանական սահմանի մեջ: Այնտեղ էլ որոշել են ստեղծել ջոկատը, որը սկզբում ցանկանում էին կոչել Գարեգին Նժդեհի անունով:

Ավելի ուշ, սակայն, նպատակահարմար են գտնում անվանակոչել «Արաբո», քանի որ այդ անունն այնքան էլ տարածված չէր: Հոկտեմբերի 4-ին որոշում են ջոկատն անվանել «Արաբո», իսկ այդ ժամանակ արդեն նրանում շատերն էին ընդգրկվել:

Կամավորներին ջոկատում ընդգրկելիս հաշվի էին առնում նրանց՝ խորհրդային բանակի ներքին զորքերում, հետեւակային զորքերում կամ դեսանտային զորքերում ծառայած լինելու հանգամանքը, քանի որ նրանք պետք է տիրապետեին զենքին: Իսկ անկարգապահներին, վախկոտներին ու տատանվողներին դուրս էին հրավիրում:

«Արաբո» ջոկատի մարտական ուղին:

1989-90թթ. Եղեգնաձորի շրջան, Խաչիկ գյուղ, Իջեւան:

1990թ. Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար:

1990-91թթ. Խանլարի շրջան, Գետաշեն, Մարտունաշեն:

1991թ. ԼՂՀ, Շահումյանի շրջան, Բուզլուղ, Մանաշիդ, Էրքեջ:

1992թ. ԼՂՀ, Ղարադաղլու, Մալիբեյլի, Ղուշուլար, Փառոխ, Խոջալու:

1992թ. Լաչին, Շուշի:

1992թ. Նոյեմբերյանի շրջան, Ոսկեպար:

1992թ. Կապան, ԼՂՀ Մարտակերտի շրջան, Կարմիրավան, Լենինավան, Ջրաբերդ, Հասանղայա:

1992թ. Կրասնոսելսկի շրջան, գյուղ Վահան:

1992թ. Լաչինի ինքնապաշտպանություն եւ ազատագրում:

1992թ. Զանգեզուրի շրջանների ինքնապաշտպանություն:

1993թ. ՀՀ Սյունիքի մարզ, Շուռնուխ, Դավիթ-Բեկ:

1994 թ. Քելբաջար, Օմարի լեռնանցքի ազատագրում:

Ջոկատի մի մասը մասնակցել է նաեւ Շահումյանի շրջանում ծավալված պարտիզանական շարժմանը` «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում:

1992թ. հուլիսին Մարտակերտում ընթացող թեժ մարտերը «Արաբո» ջոկատի համար դառնում են ինքնահաստատման գրավական: Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Մանվել Եղիազարյանի միջեւ տեղի է ունենում խոսակցություն, թե մերոնք նահանջել են՝ չդիմանալով թշնամու հուժկու հարձակումներին, եւ հանձնվել են Վահան գյուղի «Ամրոց» կոչվող պաշտպանական դիրքերը:

Հարկավոր էր կասեցնել թշնամու սրընթաց հարձակումը: Լսելով Պաշտպանության նախարարի հրահանգը՝ փորձառու հրամանատարը չի բավարարվում 30 զինվորով: Կրասնոսելսկ մեկնող խմբի մեջ ընդգրկվում է 65 հոգի: Պատերազմական բուռն գործողությունների հանգրվան դարձած Կրասնոսելսկում արաբոյականներին դիմավորում է գեներալ-լեյտենանտ Գուրգեն Դալիբալթայանը:

Մշակելով դիրքերի պաշտպանության եւ թշնամու հետմղման հստակ մարտավարություն՝ նա առանձնակի դեր էր վերապահել «Արաբոյի» տղաներին, ուստի սպասելով նրանց, տակավին չէր սկսել մարտական գործողությունները: Առանց նախապատրաստվելու, ջոկատայիններն անցնում են հարձակման:

Հստակորեն կողմնորոշվելով տեղանքում, առավելագույնս դասավորելով ուժերը, Մանվել Եղիազարյանին հաջողվեց իրականացնել գեներալ Դալիբալթայանի ռազմավարական հղացումը՝ կարճ ժամանակ անց հետ վերցնելով գրավյալ դիրքերը եւ ապահովելով սահմանների անառիկությունը:

Ադրբեջանական կողմը լավ էր հասկացել, որ Ղարաբաղի ճակատագիրը որոշվում է Լաչինում, որ մարտավարական հզոր նշանակություն ունեցող լաչինյան օպերացիայով հնարավոր կլիներ հասնել վերջնական նպատակին: Սա խորհրդային զորքերի կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի շարունակությունն էր:

Սեպտեմբերի 20-ին «Արաբո» ջոկատը շուրջ 240 հոգով հասնում է Լաչին եւ տեղակայվում Լիսագորում: Սա պաշտպանական կարեւոր հանգույցներից մեկն էր: Կարեւոր նշանակություն էր ձեռք բերում Սարիբաբա դիրքերի պաշտպանությունը, ուր Մանվել Եղիազարյանը տեղավորում է երկու դասակ: Գումարտակը հայտնվել էր ինքնաթիռային ռմբակոծությունների տարափի տակ:

Նախարար Սերժ Սարգսյանը, Սարիբաբայի դիրքերն ամրապնդելու համար պահանջում էր ոչ թե երկու դասակ, այլ ողջ գումարտակ, մինչդեռ հրամանատարը լավ էր հասկանում, որ Լաչինի վիճակն օրհասական էր. ազերիները գրավել էին Կոբրասարի դիրքերը, անպաշտպան էին մնացել շատ դիրքեր, որոնք ամեն րոպե կարող էին անցնել 5 հազար զինվորներից ու վարձկաններից կազմված թշնամական դիվիզիայի ձեռքը։

Այստեղ բարդ էին պայմանները։ Տեղանքի կտրտվածությունը, ոլորանները դժվարացնում էին պաշտպանությունը։ Գոյություն ուներ նաև ներքին հակասություն, քանի որ պաշտպանությունը երբեմն կրել էր տարերային բնույթ՝ չմտնելով որևէ ռազմավարության կանոնակարգված սկզբունքների մեջ։

«Արաբոյի» մասնակցությունը պաշտպանական գործողություններին պիտի հստակություն մտցներ, պիտի կենտրոնաձիգ դարձներ մարտավարական խնդիրները, ուստի ջոկատի շտաբի պետ Մարսել Միրզոյանը Մանվել Եղիազարյանի հրահանգով հեռախոսազրույց է ունենում ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ, նրանից սպասում անմիջական ցուցումներ։ Մանվել Եղիազարյանը Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մի դասակ հանձնում է գեներալ Մուրադ Սարգսյանին։

Մեկ օր անց դասակը վերադառնում է՝ պատմելով համընդհանուր խուճապի և խառնաշփոթի մասին։ Չկար գործողությունների համակարգում, չկար ուժերի հստակ տեղաբաշխում։ Փորձաշրջան անցնող ազգային բանակի անվարժ զինվորներն անզոր էին դիմակայելու թշնամու կատաղի հարձակումներին։ Օրավուր ադրբեջանական կողմը նոր ուժեր էր նետում մարտադաշտ։ Հարձակումը հիմնականում գլխավորում էին վարժ ու փորձված վարձկանները, որոնց մի մասն անցել էր աֆղանական պատերազմի բովով։

… Երկու օր անց ազերիները մտան Լաչին։ Թվում էր, թե Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծված էր։ Անընդհատ հնչում էին Վազգեն Սարգսյանի տագնապալի զանգերը՝ Մանվել Եղիազարյանին. «Շտապ հասի՛ր Լաչին, փրկի՛ր Լաչինը»։ Շուրջ 60 մարդ թողնելով Սարիբաբայում, որոնց միանում են նաև Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմադաշտ եկած ղարաբաղցիները, «Արաբոն» 180 հոգով տեղափոխվում է Լաչին։

Թշնամու արձակած գնդակները հասնում էին մինչեւ 1,5 կմ։ Կրակե օղակը սեղմվում էր. Լաչինը նման չէր ո՛չ Մարտակերտին, ո՛չ Կրասնոսելսկին։ Այստեղ ամեն մի թիզ հողի վրա պայքարել էր պետք։

Մուրադ Սարգսյանի հրահանգով գիշերը Եղիազարյանը երկու դասակ առաջ քաշեց՝ տեղավորելով Կուբաթլիի ուղղությամբ։ Հարկավոր էր անառիկ դարձնել այս ուղղությունը։ Լաչինում Եղիազարյանին սպասում էին 15 հոգի և մի հրասայլ։ Նրանք միացան «Արաբոյին» և կռվեցին մինչև վերջ։ Ջոկատը երազել անգամ չէր կարող մարտական տեխնիկայի մասին, մինչդեռ թշնամու հարձակումը հասունանում էր։

Առավոտյան, երբ թշնամին սկսում է ռմբակոծությունը, Լաչինի միջանցքը վերածվում է մի կատարյալ գեհենի։ Թշնամու սաստկացող կրակահերթերի տակ մոտ 60 մարդ նահանջեց 700 մետր։ Մինչև բուն Լաչին մնացել էր 1 կիլոմետրից էլ պակաս։ Մեկ վաշտ գնում է դեպի նահանջող տղաները։ Սկսվում է Լաչինի պաշտպանությունը։

Թշնամին հարձակվում էր հսկա տեխնիկայով, 21 մարտական մեքենաներով, «Գրադ» կայանքներով։ «Արաբոն» պաշտպանվում էր գրեթե անզեն, քանզի ինքնաձիգերը ոչինչ էին թշնամու գերժամանակակից տեխնիկայի առջև։ Առաջին իսկ գիշերը սվիններով փորում են խրամատներ։ Նրանք կազմակերպում են նաեւ դիրքավորումը՝ հստակորեն իրացնելով տեղանքը, մշտապես համագործակցելով ռազմաճակատի հրամանատար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանի հետ:

Հրամանատար Եղիազարյանին հաջողվում է գտնել հաջողություն տանող ճանապարհը։ Հենց Անդրեասյանի ջանքերով ջոկատին տրվում է 2 ՍՊԳ (հրետանի հետևակի համար), ինչ որ չափով լուծվում է զինամթերքի հարցը։

Թշնամու մի վաշտ փորձում էր ճեղքել պաշտպանությունը՝ ձգտելով դեպի Բերդաձոր։ Հանդիպելով Մանուկի և Ջիվանի դասակների դիմադրությանը, տալով մի քանի տասնյակ զոհ, թշնամին խուճապահար դիմում է փախուստի։ Սա առաջին հոգեբանական հաղթանակներից մեկն էր։

Հրետանու կենտրոնացմամբ հաջողվեց հակահարձակման անցնել։ Ռազմաճակատում միայն «Արաբոն» էր, որին էլ հաջողվեց առաջին մարտի ժամանակ մոտ 7 կմ առաջ շարժվել։ Մանվել Եղիազարյանը գոտեպնդում էր զինվորներին, հուշում մարտավարական նորանոր սկզբունքներ, ոչինչ չէր խնայում կռվող զինվորի համար, ժամանակին կազմակերպում էր պարենավորումը։

Առաջին իսկ մարտի ժամանակ փշրվում է թշնամու ուժը։ Տեսնելով գրագետ կազմակերպված հարձակումը՝ թշնամին կորցնում է ինքնատիրապետումը, մարտադաշտում մեծ թվով զոհերի հետ թողնելով նաև 7 տանկ, 6 զրահամեքենա, 2 ականանետ, հակաօդային գնդացիրներ, 2 գոմում պահեստավորված զինամթերք, հրետանային արկեր։

Տիրանալով թշնամու թողած ռազմավարին, «Արաբոն» դառնում է առավել ինքնավստահ։ Շուտով Վանաձորի գնդից գալիս է 3 տանկ՝ համապատասխան անձնակազմերով։ Գրոհները շարունակվում էին՝ իրական դարձնելով հաջողությունները։ Շուտով «Արաբոն» մոտենում է Կուբաթլիին՝ հետևում թողնելով Լաչինի դժվարին ու ճակատագրական կիլոմետրերը։ Ամեհի մի վիշապի էր նման Լաչինի միջանցքը, որը կարծես չէր ուզում տեղի տալ, չէր ուզում պահ առաջ դառնալ կյանքի ճանապարհ։

Շուրջ մեկ ամիս է տևում Լաչինի պաշտպանությունը։ Քսան կիլոմետրանոց հատվածը դառնում է «Արաբոյի» ու նրա հրամանատարի ճշմարիտ մկրտարանը։ Հակահարձակումները պահանջում էին ոչ թե ստանդարտ, այլ հաճախ խիստ անսպասելի, անգամ՝ հանդուգն որոշումներ։ Եվ Մանվել Եղիազարյանը կայացնում է այդ որոշումները, գիտակցում, որ իմացյալ և ոչ իմացյալ մահվան ռոմանտիկ պատկերացումներով չէ , որ առաջ պետք է ընթանալ։

Նա գիտեր, որ Ստեփանակերտում կյանքը պարփակվել էր նկուղներում, գիտեր, որ հայոց շքեղ Շուշին, ուր շատ վաղուց լռել էին Ղազանչեցոց եկեղեցու զանգերը, վերածվել էր թշնամական միջնաբերդի։ Գիտեր նաև, որ Ղարաբաղում ժպիտներ չէին ծաղկում, նորածին երեխաների կենսահաստատ ճիչերը խլանում էին ռմբահարումներից սկիզբ առնող աղմուկի ներքո։ «Արաբոյին» էր տրված կյանքի ճանապարհը բացելու պատմական առաքելությունը, «Արաբոն» պիտի հույսի ծաղիկներ ցողեր արցախյան հողում․․․

Լաչինի հերոսական պաշտպանության հաղթական ավարտի օրը նախարար Վազգեն Սարգսյանը հասնում է մարտադաշտ։ Ջոկատը հոգնած էր, հյուծված բայց ոչ երբեք՝ վհատված։ «Արաբո»-ականները դեռ չէին հասկանում, թե ինչ էին արել, թե ազգային ազատամարտի պատմությունն ինչ էջերով էին հարստացրել։

Նախարարի դեմքն ամբողջովին ուրախություն էր արտահայտում։ Նա արժեւորեց ջոկատի սխրանքը, իր շնորհակալությունը հայտնեց՝ ջոկատին դուրս բերելով մարտադաշտից։ Իսկ մեկ օր անց հանրապետական հեռուստատեսությամբ նախարարը շնորհավորեց ողջ հայ ժողովրդին լաչինյան հաղթանակի առթիվ՝ կարևորելով «Արաբո» ջոկատի հերոսական ջանքերը։

Մեր պատմությունը հարստացավ մերօրյա «Արաբո»-ով, քաջ ֆիդայու առասպելականացված անունն առած ջոկատով: Իսկ Մանվել Եղիազարյանի հրամանատարական հմտությունները հիացրել էին գեներալներ Գ․Դալիբալթայանին, Հ․Անդրեասյանին, բոլոր նրանց, ովքեր տեսան հրամանատարի կայացումը։

Հայկական հեռուստատեսությամբ հնչած Մանվել Եղիազարյանի խոսքը համեստ էր ու զուսպ։ Նա շատ խոսելու կարիք չուներ։ Նա իր խոսքն ասել էր Լաչինում։

… Տարիներ են անցել Լաչինի հերոսական պաշտպանությունից։ Անառիկ է դարձել ճանապարհը, որով ամեն անգամ անցնելիս կարծես լսում ենք պատերազմի արձագանքները։

Շատ բան է փոխվել այս ընթացքում, մոռացվել են շատ մանրամասներ: Ոմանք փորձել են հերոսներին վայր բերել կարծեցյալ պատվանդաններից։ Սակայն Լաչինը ազատագրողները պատվանդանի կարիք չունեն, նրանք ապրում են ժողովրդի հիշողության մեջ, ապրում են կյանքի ճանապարհ կոչվածի ամեն մի հատվածում։

Իսկ «Արաբո» ջոկատից Արցախյան ազատմարտում զոհված հերոսներն են՝ Էդիկ Մելքումյանը (Արջ), Ավետիս Ավետիսյանը, Պողոս Լազյանը, Համլետ Գալստյանը, Ռուդիկ Գեւորգյանը, Շահեն Առաքելյանը, Արման Թալիշյանը, Արթուր Ղարիբյանը, Գագիկ Չանախչյանը, Գագիկ Նահապետյանը, Հրաչյա Մանուկյանը, Հրաչյա Մովսիսյանը, Արամ Եփրեմյանը, Վլադիմիր Իսրայելյանը, Սամվել Գալստյանը, Համբարձում Ղարիբյանը, Արսեն Մնացականյանը, Ավետիք Հարությունյանը, Գոռ Ավետիսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելիքս Գալստյանը, Ռոման Միքայելյանը, Արտեմ Հակոբյանը:

 

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ