Դարեր շարունակ հայ ժողովուրդը պատերազմներ է մղել հայրենիքի ազատության և անկախության , իր ինքնուրույնության պահպանման համար:
Եվ դարեր շարունակ հայ զինվորը մնացել է կռվի դաշտում՝ հաճախ անհայտության մեջ,անշիրի՛մ ու անհուշարձա՛ն:
Վկա՝ 5-րդ դարի հայ ազգային-ազատագրական պատերազմը,որը Վարդանանց պատերազմ կոչվեց մեր պատմության էջերում:Վարդանանց այրերից շատերը անգերեզման մնացին:Անշիրիմ մնաց նաև Վարդանանաց պատերազմի առաջնորդը՝ մեծահռչակ սպարապետ Վարդան Մամիկոնյանը:
Հինգերորդից մինչև 20-րդ դարավերջը մարտի դաշտում անհայտ կորած, անշիրիմ մնացած հայ զինվորի, հայ ազատամարտիկի հիշատակի ոգեկոչման օրն է հանդիսանում հունիսի 29-ը: Ինչու՞ հենց այդ օրը :
Քանզի մերօրյա Ավարայրում՝ Արցախյան ազատամարտում հենց հունիսյան այդ օրը շրջապատման մեջ հայտնված ջոկատները կենաց և մահու ,համառ ու դաժան կռիվ մղեցին՝ հնարավորինս կաշկանդելով թշնամու ուժերը և արգելափակելով նրա հետագա առաջխաղացումը:
Եվ,բնականաբար, շրջապատման մեջ հայտնված հայ կամավորական ջոկատները զգալի կորուստներ ունեցան։1992թվականի հունիսյան վերջին օրերը նաև ցավ ու վիշտ բերեցին հայ ընտանիքներին ու համայնքներին:Շուրջ ութ տասնյակ հայ կամավորների ճակատագիրը հունիսյան այդ օրերից սկսած անհայտ ու անհասցե մնաց մեր ժողովրդին:Կամավորական ջոկատներից մեծ կորուստներ կրեց նաև «Արաբո» ջոկատը՝ քսանմեկ անհայտ կորած ճակատագիր:
Պատերազմի ավարտից հետո հայ հանրությունը սրբությամբ հիշում և ոգեկոչում է կորուսյա՛լ հայ ազատամարտիկների հիշատակը:
Յուրաքանչյուր տարի հունիսի 29-ին երախտապարտ հայորդիների երթը ձգվում է դեպի Եռաբլուր, որտեղ կայանում է հիշատակի երեկույթ անհայտ կորած ազատամարտիկի խաչարձան հուշարձանի մոտ:
Որպես կանոն, երթը նախաձեռնում գլխավորում և առաջնորդում են «Արաբո» ջոկատի տղաները՝ հռչակավոր հրամանատարի Մանվել Եղիազարյանի ղեկավարությամբ։ Մեծանուն հրամանատարը անձամբ է հոգ տանում այդ օրվա հետ կապված ամեն մի դետալի ու մանրունքի մասին:
Այս հունիսի 29-ը սովորականից ավելի բազմամարդ էր ու հանդիսավոր,որին մասնակից եղան ՀՀ ՊՆ պատվո պահակախումբը և նվագախումբը,ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ:
Պետական-պաշտոնական արարողակարգը վարում էր ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր, Քաղաքացիական Հատուկ Ծառայության պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:
Օրվա խորհրդի և հայ ժողովրդի արջև կանգնած մարտահրավերների շուրջ բանախոսեցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ՀՀ․ՊՆ փոխնախարար Դ․Բալայանը, կորած ազատամարտիկների միության խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Արմավիրի «Արծիվ 13» ջոկատի կորուսյալ հրամանատար Ռուբիկ Եղոյանի մայրը՝ Թամարա Եղոյանը և ուրիշներ։
Հատկապես հուզիչ էր Մ․Եղիազարյանի՝ «Արաբոյի» Մանվելի խոսքը, որում այնքան ուսանելի դիտարկումներ կային։Լեգենդար հրամանատարը նշեց ,որ 1992 թ․ հունիսյան զոհերը իմաստավորված կորուստներ էին, քանզի ինչպես պատմիչ Եղիշեն է վկայում․
«Մահ չիմացյալ մահ է, իմացյալ՝ Անմահությու՛ն»։
Ուրեմ,հայ քաջակորով ազատամարտիկների կորուստը կրկնակի անմահություն է, քանզի նրանք իրենց կյանքը ոչինչ համարելով, զոհաբերեցին հայոց հայրենիքի պատվի և արժանապատվության զոհասեղանին։
Հանդիսավոր արարողություններից հետո սևազգեստ հայ մայրերի, կանանց և քույրերի համար ընդունելություն էր կազմակերպվել երևանյան «Մանկական մոլորակ» սրճարանում, ուր նրանց փոխանցվեցին դրամական օգնություն, պատվոգրեր և ամենից կարևոր․ ջերմաշունչ խոսք և ոգի՝ իրենց ժառանգներին առժանապատիվ ու արիասիրտ ապրեցնելու համար։
Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ՀՀ լրագրողների միության անդամ
29.06.2019