Անհայտ կորած…

Արցախյան ազատամարտի Հերոս, «Արաբո» ջոկատի գրոհային դասակի հրամանատար, ռեժիսոր-դերասան:

Ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 8-ին Երևանում: 1963 թվականին «Պիոներ կանչ» թերթի էջերում հայտնվել էր մի հայտնի հոդված, որ Երևանաբնակ 3 ամյա Ավետիսը ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը… Երիտասարդ տարիներին նվիրվել է թատրոնին:

Ավետիսի պապը՝ Ավետիսը, Եղեգնաձորի մարզի Արենի գյուղից էր և հայրենական պատերազմի մասնակից: Նրա որդիները հոր անհայտ կորածի թուղթն էին ստացել, սակայն երկար տարիներ հետո նա հայտնվել ու ընտանիք էր վերադարձել:

Սկսվեց արցախյան ազատամարտը: Ավետիսը մարտընկերների հետ, Զորավար Մախլուտոյի շիրիմին երդում տվեց և անդամագրվելով Գարեգին Նժդեհ ջոկատին, մեկնեց Գետաշեն:

1989-ի ամռանը կարճ ժամանակով վերադարձել է Երևան՝ ընտանիքի մոտ: Շուտով կրկին մեկնել է ռազմաճակատ: Արդեն «Արաբո» ջոկատի կազմում էր: Մասնակցել է Գետաշենի, Խոզնավարի, Խնածախի, Նոյեմբերյանի և այլ տարածքների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1992 թվականի հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը Ավոյի հրամանատարությամբ «Արաբո» ջոկատի դասակը երեք այլ ջոկատների հետ գրոհեց Լենինավանի դիրքերի վրա:

Ավոն ու իր քաջերը հերոսաբար մարտնչել էին, փոքրաթիվ ուժերով նախահարձակ գրոհի դուրս գալով թշնամու տասնապատիկ ուժերի դեմ, հնարավորություն տալով թիկունքի մարտընկերներին վերադասավորելու դիրքերը: Այդ օրվանից Ավետիսի ու իր տղերքի մասին տեղեկություններ չկան:

Ամուսնացած էր,ունի երկու երեխա՝ Վահագնը և Անին:
1998 թվականին արժանացել է «Արիության» մեդալի: