Հոբելյա՛ն, որը համահայկական է և համազգային ․․․

Տարեթվեր և հոբելյաններ կան, որոնք համազգային և համահայկական բնույթ, խորք և հնչեղություն ունեն։ Այդպիսի հոբելյանների շարքում Արցախյան ազատամարտում լեգենդար հռչակի և հեղինակության արժանացած «ԱՐԱԲՈ» ջոկատի հիմնադրման 30-ամյա հոբելյանն է։ Պատերազմը դաժան բան է, բայց այն ունի իր օրենքներն ու օրինաչափությունները։

Եվ ամեն մի պատերազմ ծնում է իր լեգենդար հերոսներին և հրամանատարներին։ Արցախյան պատերազմի բոցերի մեջ ծնվեց, հասակ առավ և առնականացավ «ԱՐԱԲՈ» ջոկատը, որին վիճակված էր արտասովոր ճակատագիր։ Արդեն հեռավոր թվացող 1989 թվականի հոկտեմբերի 4-ին, Վայոցձորյան լեռներում՝ սահմանամերձ Խաչիկ հինավուրց գյուղի տարածքում ազդարարվեց «ԱՐԱԲՈ» ջոկատի ծննդյան և պատմական ասպարեզ ելնելու մասին։

Երևի ոչ մի պատահականություն էլ չկար և հաստատ օրինաչափություն էր, որ ջոկատը կոչվեց 19-րդ դարավերջի հայ ֆիդայական շարժման առաջամարտիկ Արաբոյի անունով։

Հայ լեգենդար ֆիդայապետի անունը ոգեղեն մի նոր ուժ և լիցքեր հաղորդեց ջոկատի գործունեությանը և նրան օժտեց անպարտելի լինելու և անպրտելի մնալու հրեղեն սլացքով ։

Եվ այո՛, այդ այդպես էլ եղավ։ «ԱՐԱԲՈ» ջոկատը անպարտելի համբավ ունեցավ և Փառք վայելեց Արցախյան պատերազմի տարեգրության էջերում։

Խաչիկի լեռներից, հայ-նախիջևանյան սահմանից մինչև Հայաստանի մյուս սահմանամերձ տարածքները (Տավուշ) և մինչև Արցախյան ռազմաճակատի ամենաթեժ և ամենավտանգաշատ կետերը, -ահա ջոկատի անցած մարտական ուղին և նրա կերտած իրա՛վ մարտական ու մարտաշունչ կենսագրությունը։

Մարտադաշտում իսկապես առյուծասիրտ հերոսներ էին «ԱՐԱԲՈՅԻ» տղերքը և իրենց խիզախությամբ բնավ չէին զիջում 19-րդ դարավերջի հրեղեն հերոսներին՝ քաջակորով ֆիդայիներին։

Փաստորեն, հայկական ազատամարտը անընդհատ և անընդմեջ շարունակվում է, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ հայդուկների և հայդուկապետերի՝ Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Մախլուտոյի և մյուս քաջերի ոգին ապրում և բազմապատկվում է մերօրյա հերոս, խենթ ու խիզախ տղաների անձնազոհ վարքագծում։

Ջոկատի տղաները հազա՛ր և հազա՛ր անգամ ապացուցեցին, որ արժանիորե՛ն են կրում 19-րդ դարավերջի մեծանուն հայդուկապետի անունը և այդ անունը, անվան պատիվը իրենց մղում է նորանոր քաջագործությունների և հայրենասիրական գործերի։

«ԱՐԱԲՈ» ջոկատը հանձինս Մանվել Եղիազարյանի գտավ իր լավագույն հրամանատարին, որը պատերազմի և խաղաղության տարիներին աչքի ընկավ մարդկային, հայրենասիրական, զորավարական բացառիկ տաղանդով։

«ԱՐԱԲՈՅԻ՛» Մանվել,- այսպես նա կնքվեց մեր նորօրյա պատմության էջերում և այդպես է հավերժելու իրար հաջորդող սերունդների հիշողության մեջ։
Եվ կրկին ու վերստին արձանագրենք, որ այս պատերազմի բոցերի մեջ հյուսված հուզախռով լեգենդը «ԱՐԱԲՈՅԻ» Մանվելի ոգեղեն կերպարն է, որը հայրենասիրական ոգի է սփռում շուրջբոլորը։

«ԱՐԱԲՈ» ջոկատի ներկայությունը և անունն իսկ այսօր ևս սաստում և սարսափ է ներշնչում պարտված թշնամուն։

Հռչակավոր ջոկատը ամուր կանգնած է հայրենի հողի պաշտպանության դիրքերում։

Փառք «ԱՐԱԲՈ» հերոսական ջոկատին։
Հավե՛րժ Փառք նահատակ տղաներին։

Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների թեկնածու,
ՀՀ լրագրողների միության անդամ,
հրապարակախոս