Ապրիլյան պատերազմի օրերին մենք Մարտունի 2-րդ պաշտպանականում ենք եղել, և ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ 25 օրվա ընթացքում անգամ մեկ տուփ սիգարետ օգնություն չենք ստացել։ 80 հոգի մարդ ենք եղել, ամբողջն արել ենք մեր հնարավորություններով։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ աղմկահարույց հրապարակմանը։
«Կամավորից եկած հայ զինվորը մեր ամենաթանկ բանն է, մեր երեսը պարզ է անում, հաղթանակ է տանում։ Մենք ուրիշ ոչ մի հաղթանակ, սրբազան բան չենք ունեցել այս 25-30 տարվա ընթացքում՝ բացի մեր հաղթանակից, բացի մեր զինվորներից։ Այսօր հայ զինվորը կանգնած է սահմանին և ուզած պահի իր կյանքը կզոհի հանուն հայրենիքի, նրանց վիրավորել չի կարելի»,- նշեց ազատամարտիկը։
Ըստ Մանվել Եղիազարյանի՝ նմանատիպ դեպքերը շատ են, և միայն սրա վրա կանգ առնելը սխալ է։ Նա համոզված է, որ հասարակությունը շուտով ավելի մեծ դեպքերի ականատեսն է լինելու:
«Նորից նմանատիպ բացահայտումներ ունենալու ենք։ Այո, սա բարոյական տեսանկյունից շատ սարսափելի էր, բայց հանցանքները դեռ առջևում են։ 1993 թ․-ից սկսած մեր պայքարը ուրիշ ուղի մտավ, սկսեցին ալան-թալան, գողանալ, և ամենաթողությունը գնալով մեծացավ, երկու-երեք իշխանություններ ապրեցին, տարան։ Այնպես որ, նոր բան տեղի չի ունեցել»,- ասաց նա։
Ազատամարտիկի խոսքով՝ Մանվել Գրիոգորյանի գործողությունների մասին տեղյակ է եղել ապրիլյան պատերազմի օրերի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ «Եթե 2 կամ 20 տուփ սիգարետ լիներ, կարող է՝ չիմանաին, բայց եթե այս քանակության մասին չեն իմացել, ուրեմն մենք պետական կառույցներ չենք ունեցել։ Պատերազմի ժամանակ ամեն մի շարժը պետք է հսկողության տակ լինի»,- նկատեց Մանվել Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց և ձերբակալելուց հետո տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր պատգամավորի պահեստներում պահվող մթերքը, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել զինվորին:
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվել էր նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Հայտնաբերվել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա:
Հակոբ Ասլանյան