Կասկածելի բանակցություններ վարելը դավաճանություն է հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ. Մանվել Եղիազարյան
Մայիսի 8-ին ԱԺ-ն պիտի չաշխատեր, բոլորս պիտի նշեինք Երկրապահի տոնը, բայց օրը նշանավորվեց տհաճ միջադեպով, ու փոխանակ ԱԺ պատգամավորները կարգի բերեն երկիրը, իրենց վարքագծով ցույց տան՝ ինչպիսին պիտի լինի քաղաքացին, ծեծկռտուք են սարքում: «Արմնյուզ» ՀԸ «ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ԵԿՄ վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Մենք արժեզրկել ենք արցախյան հաղթանակը, որը մեր հազարամյա տանուլ տված էջերի փոխհատուցումն էր: Ստեղծել ենք կեղծ իրականություն, կեղծ պատմություն, կեղծ հերոսներ: Դա էլ ծնում է կեղծ վարքագիծ: Իշխանությունը մարդկանց գնահատում է ոչ թե ըստ արածի, այլ ըստ հարմարվելու՝ իր թիմի կանոններով կխաղա՞, թե՞ ոչ»,- ասել է ազատամարտիկը:
Ըստ Եղիազարյանի՝ եթե ռազմական գործիչները պատասխան են տալիս իրենց արածների համար, քաղաքական գործիչներն անպատասխանատու հայտարարություններ են անում. «Տականքներին ու դավաճաններին պետք է հեռացնեինք ասպարեզից: Այսօր չկայացած համբակները բամբասում են ազատամարտի մասին: Ոչ ոք իրավունք չունի իմ մարտական ընկերների մասին վայրահաչելու, նրանք բացի իրենց վերքերից՝ ուրիշ ոչինչ չունեն, 40 հազար դրամ թոշակ են ստանում, 5000 դրամ էլ՝ պատերազմի մասնակցի թոշակ: Ահա պատերազմի ձեր գնահատականը»:
Ազատամարտիկի կարծիքով՝ որքան էլ վարչապետը հայտարարի, թե Ադրբեջանը կառուցողական է տրամադրված, Արցախի հարցում զիջում անողը կստորագրի իր մահախոսականը. «Կասկածելի բանակցություններ վարել՝ նշանակում է դավաճանել հայ ժողովրդին և նրա պատմությանը: Մենք ոչնչացրել ենք ազատամարտը, գովեստի ոչ մի խոսք չենք ասում մեր հերոսներին: Ումո՞վ պետք է ոգևորենք մեր երիտասարդներին»:
Մանվել Եղիազարյանը զարմանում է՝ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո քանի՞սը փորձեց վրեժխնդիր լինել Սպարապետի համար, հակառակը՝ նրա մերձավորները ցուցակ էին կազմում, իրենց համար պաշտոններ էին ուզում. «Դա՞ էր Ձեր հարգած Սպարապետը: Չէ՞ որ նա էր ձեզ մարդ դարձրել, նրա շնորհիվ էիք դուք ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Ազատամարտին մասնակցել է մոտ 15 հազար մարդ, դա մեր բնակչության մեկ տոկոսից էլ պակաս է, ընդ որում՝ նրանցից մոտ 5000-ն էլ ձևի համար է եղել մարտադաշտում: Պատերազմի ավարտին սկսվեց մեծ ալան-թալանը, որը հնարավոր չէր վերահսկել. երևի թուրքերն այդպես էին թալանել իրենց պապերին»:
Ազատամարտիկի պնդմամբ՝ երբ մենք «առյուծ հրամանատար» կունենանք, Ադրբեջանը մեզ համար վտանգ չի ներկայացնի: «Այսօր մենք ենք մեր ամենամեծ վտանգը: Եթե ազգային դաստիարակություն սկսենք, մեծ գործ արածներին շնորհակալություն հայտնենք, կունենանք լավագույն բանակը: Այդպես են հաղթում պատերազմը, այդպես ենք մենք հաղթելու և ավարտելու այս պատերազմը»,- ամփոփել է Եղիազարյանը: