Արաբոյի Մանվելը հեռանում է ԵԿՄ փոխնախագահությունից

Երկրապահ կամավորականների միությունում խժդժություններ են սկսվել։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ խոսակցություններ են առաջացել այն բանից հետո, երբ նախկինում քաղաքական հարցերը օբյեկտիվորեն գնահատող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պետք է այսուհետ անվերապահորեն պաշտպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա տեսակետը քաղաքական հարցերի շուրջ։

Ասում են նաև, որ Սասուն Միքայելյանին վարչապետը ոսկու հանք է նվիրել, վերջինս էլ փորձում է այդ ձևով երախտապարտ լինել երկրի ղեկավարին։

Նկատենք, որ Սասուն Միքայելյանի պահանջին դեմ են եղել ԵԿՄ որոշ անդամներ, այդ թվում՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը: Նա, ի դեպ, ԵԿՄ-ն փոխնախագահում էր հենց գաղափարաքարոզչական գծով, այսպիսով հակասությունները ամբողջովին տրամաբանական են:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մանվել Եղիազարյանը նշեց, որ, թեև, վերջնական որոշում չկա, սակայն հնարավոր է դուրս գա փոխնախագահությունից․ «Ես ոչ թե ԵԿՄ-ից եմ դուրս գալիս, այլ փոխնախագահությունից, քանի որ տեսնում եմ՝ ԵԿՄ փոխնախագահ լինելով չեմ կարողանում պիտանի լինել իմ ընկերներին։ Այսօրվա իրականությանը հետաքրքիր չէ այդ կառույցը, ինչ եք կարծում` ես կարո՞ղ եմ փոխնախագահել, ձևի համար մնալն ի՞նչ իմաստ ունի։ Սակայն դեռ վերջնական որոշում կայացված չէ, իսկ վարչության անդամ կշարունակեմ մնալ. տեսնենք իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասաց նա։

Հարցին՝ այս օրերին ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնություննե՞ր են առաջացել, որ նման որոշում է կայացրել, Եղիազարյանը պատասխանեց․ «Իմ հաշվով, բացարձակապես, ոչ։ Ես նորմալ հարաբերությունների մեջ եմ բոլորի հետ` բառիս բուն իմաստով»։ Դիտարկմանը՝ Սասուն Միքայելյանի հետ և՞ս՝ ի պատասխան ասաց․ «Առավելևս նրա հետ»։

Անդրադառնալով լուրերին, թե Սասուն Միքայելյանը որոշակի հայտարարություններ է արել, որին անհամաձայնություն է հայտնել ինքը՝ Եղիազարյանը, վերջինս հերքեց․ «Անկախ ամեն ինչից, ես օբյեկտիվ եմ լինելու, դրա մասին խոսք չկա, բայց այդպիսի խոսակցություն բացարձակապես չի եղել»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից Սասուն Միքայելյանին նվիրած ոսկու հանքին, ապա Եղիազարյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում։

Հղումը՝  lurer.com