Արցախյան Ազատամարտի հանրաճանաչ գործիչ, «Արաբո» ջոկատի համբավավոր հրամանատար Մանվել Եղիազարյանը («Արաբոյի» Մանվել) հաճախ է հանդիպումներ ունենում ուսանողական և դպրոցական կոլեկտիվների հետ: Հերթական հանդիպումը կայացավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (նախկինում՝ Պոլիտեխնիկ) Երևանի ավագ դպրոցում: 12-րդ Զ դասարանում կայացած հանդիպումը վերածվեց ազգային-հայրենասիրական բնույթի երկխոսության:

Հրամանատարն ու աշակերտները լիովին անկեղծ ու համարձակ էին իրենց խոհերում և հարցադրումներում: Ավարտական դասարանի սաները դասագրքերով էին սերտել Արցախյան Ազատամարտի պատմությունը, այժմ այդ ամենի կիզակետում կանգնած անհատից էին ունկնդրում գաղտնի ու բացահայտ ճշմարտությունը:

Հրամանատարը պատմեց պատերազմական թոհուբոհից բազմաթիվ դրվագներ, փառաբանեց նահատակներին, որոնք ընդմիշտ մնացին երախտապարտ սերունդների հիշողության մեջ: Ապագա ճարտարագետները խորին ըմբռնումով և հիացմունքով ունկնդրեցին մարտի դաշտում փառաբանված հրամանատարի խոսքը:

Այնուհետև օրվա խորհրդի շուրջ արտահայտվեցին ավագ դպրոցի ուսումնական և դաստիարակչական գծով փոխտնօրեններ Աիդա Ռեհանյանն ու Գենրիխ Շախգուլյանը, դասղեկ Իրինա Մինասյանը, պատմաբան և հրապարակախոս Արմեն Կարապետյանը:

12-րդ ավարտական դասարանի սաներից ինքնատիպ դիտարկուներով և հարցադրումներով աչքի ընկան Լևոն Պետրոսյանն ու Անի Բալասանյանը, Հասմիկ Մուրադյանն ու Ռաիսա Մկրտչյանը:
Հանդիպումը հայրենասիրական ջերմ լիցքերով ոգեշնչեց բոլոր ներկաներին:

Ա. Կարապետյան