ԵՎՍ ՄԵԿ ԿՈՐՈՒՍՏ ․․․

Հայկական Ազատամարտը ևս մեկ ծանր կուրուստ ունեցավ։ Հանկարծամահ եղավ Արցախյան պատերազմի նվիրյալ մասնակից, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ, ԵԿՄ աշխատակազմի ղեկավար Համբարձում Ասատրյանը։

Ազգային արժեքներով սնված ու դաստիարակված նվիրյալ մի հայորդի, որի կյանքի և կենսագրության յուրաքանչյուր օրը 1988 թվականից այս կողմ կապված է մեր ժողովրդի ազգային մեծ զարթոնքի և Արցախի ռազմադաշտերում բռնկված պատերազմի հետ։

Համբարձումը կռվեց, մարտնչեց հայրենակից արտաշատցի տղաների հետ լեգենդար հրամանատար Լայերտ Սաղաթելյանի հրամանատարության ներքո։

Նա իրեն Փառքով պսակեց այդ պատերազմի բոցերում։
Խաղաղ ժամանակներում Հ․ Ասատրյանը ևս նվիրումով և արդարամտությամբ ծառայեց իր ժողովրդին՝ երբեք ու երբեք իրեն վեր չդասելով շարքային հայրենակիցներից։ Այդ համեստության, պարզ ու գեղեցիկ վարքագծի համար վաղուց ի՛ վեր վայելում էր հանրության լայն խավերի սերն ու հարգանքը, վստահությունը։

Գտնվել է բարձր ու պատասխանատու պաշտոններում և երբեք չի չարաշահել իրեն տրված վստահված իշխանությունը, միշտ ունկդիր է եղել իր ընկերների, ծանոթ ու անծանոթ մարդկանց, հասարակ քաղաքացիների կարիքների, հոգսերի, պահանջների հանդեպ։ Այդ ամենով նրա անունն այնպե՛ս սիրելի և հարազատ դարձավ հազարավոր մարդկանց հոգում։

Համբարձում Ասատրյանի մահը խոր ցնցում և վիշտ առաջացրեց ժողովրդական լայն խավերի շրջանում։

Մտավորականությունը, ազատամարտիկները, զինվորականությունը, հասարակական կազմակերպությունները, խորապես սգում են նվիրյալ հայորդու կորուստը։

Հիշատա՛կդ բարի՛ սիրելի Համբարձում, քո ազնիվ ու անբիծ հիշատակը, քո բարձր անունը միշտ ու մշտապես հնչելու է Հայ ժողովրդի եկող սերունդների հոգում և սրտում։

Արմեն Կարապետյան
Պատմական գիտությունների
թեկնածու, հրապարակախոս