ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՕՄԱՐՈՒՄ

Դավիթ Շահնազարյանի վերջին սկանդալային հայտարարություններից մեկը շեղվելով մերօրյա «լեզվակռվային» հիմնական թեմաներից՝ հասավ արցախյան պատերազմի օրերը: Այսպես, ըստ Շահնազարյանի. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպես զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը եւ ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, եւ ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար…»:

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱԱՄՈՒԹ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ

Նախ նկատենք. արցախյան պատերազմի այդ հատվածը՝ 1994թ. առաջին օրերին Օմարի բարձունքների եւ Քելբաջարի հիմնական մասի գրավումն ազերիների կողմից մինչ օրս էլ մնում է արցախյան պատերազմի ամենաքիչ լուսաբանված էջերից մեկը: Մինչդեռ դրա հետ կապված կան մի շարք «տարօրինակ» պատմություններ: Այդ թվում՝ ինչպե՞ս հակառակորդին հաջողվեց գրավել Օմարի անխորտակելի բարձունքները՝ այն էլ՝ ձմռանը: Ի վերջո՝ Օմար-Քելբաջարի այս պատմության արդյունքում էր, որ ազերիները նախ հասնելով անսպասելի եւ շատ լուրջ հաջողությունների, այնուհետեւ այնպիսի ջարդ կերան, որի նմանը չէին տեսել ո՛չ մինչ այդ եւ ո՛չ էլ՝ դրանից հետո: Ավելին, այդ պատմության արդյունքում էր, որ ադրբեջանական բանակը մարտունակության առումով այնպիսի լրջագույն խնդրի առաջ հայտնվեց, որ չկարողացավ ուշքի գալ մինչ Բիշքեկի զինադադարը՝ 1994թ.-ի մայիսը: Երբ Ադրբեջանը պատմության այդ էջը փակի տակ է պահուն, հասկանալի է. ի վերջո, դա Հեյդար Ալիեւի խոշորագույն պարտությունն էր: Մինչդեռ հայկական աղբյուրները պետք է այս ընթացքում մանրադիտակային ուսումնասիրության ենթարկած լինեին: Մինչդեռ թեկուզեւ Շահնազարյանի հայտարարությունը գալիս է վկայելու, որ այսօր էլ այդ պատմությունը մութ է: Հատկապես այն հարցը, թե, ի վերջո, ինչպե՞ս թշնամուն հաջողվեց անհաղթահարելի Օմարն անցնել…

«ԱՐԱԲՈՅԻ» ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Դեռ տարիներ առաջ առիթ ունեցել ենք հեղինակավոր ականատեսների վկայությունների հիման վրա մանրամասնորեն անդրադառնալ արցախյան պատերազմի բոլոր հիմնական իրադարձություններին, այդ թվում նաեւ՝ Օմար-Քելբաջարի այդ մարտերին: Այդ շարքից հիշեցնենք լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ պատմածը Օմար-Քելբաջար դեպքերի մասին.
– 1994թ. սկզբներին հակառակորդը Օմար-Քելբաջար ուղղությամբ կարողացել էր գրավել մեր դիրքերը եւ Վարդենիսի ուղղությամբ շարունակում էր հարձակումը: Նահանջողները հետագայում պատմում էին, որ հավաստիացնում էին, որ Օմարը հակառակորդը վերցրեց առանց որեւէ դիմադրության հանդիպելու: Բանն այն է, որ դեռ թշնամին չէր էլ մոտեցել այդ գրեթե անմատչելի դիրքերին, երբ, ինչպես այդ օրերին ինձ պատմեց Օմարի դիրքերից մեկի հրամանատարը, թիկունքից` մի բարձրաստիճան եւ բավականին հայտնի ղեկավարից խուճապային բնույթի մի հանձնարարական է ստանում. «Ամեն ինչ թողեք ու որքան կարող եք` շուտ նահանջեք»: Մտածելով, թե հայտնվել են շրջափակման մեջ` հայկական որոշ միավորումներ թողնում են «պոստերն» ու արագորեն ետ են քաշվում, ինչն էլ հնարավորություն է տալիս թշնամուն անցնել Օմարից այս կողմ: Տեղեկություն ստանալով, որ այդ հատվածում իրավիճակը ծանր է` գեներալ Անդրեասյանի (նա այդ պահին Գլխավոր շտաբի պետն էր, իսկ ես այդ ժամանակ նրա օգնականն էի եւ Գլխավոր շտաբում՝ հատուկ առաջադրանքներ գծով սպա եւ, բնականաբար, տիրապետում էի ողջ տեղեկատվությանը) հետ մեկնեցինք Վարդենիս: Իրավիճակն իրոք բարդ էր. ազերիների արկերը արդեն հասնում էին Վարդենիս, եւ նրանք շարունակում էին կռվելով առաջանալ, իսկ մեր նահանջող տղաները որոշ դեպքերում բավականին լուրջ կորուստներ էին ունեցել: Սակայն ամենամեծ խնդիրն այն էր, որ սկսել էր խուճապ նկատվել, ու դա պարտադրում էր հնարավորինս արագ նոր ուժեր տեղափոխել այդ հատված: Անդրեասյանը զանգահարեց Վազգենին` առաջարկելով «հին» տղաներին ուղարկել: Ինձ էլ առաջարկվեց՝ «Արաբոն» եւս արագորեն հավաքել: Ուզում էի շուտ գալ Երեւան, սակայն ժամանակ չկորցնելու համար առաջարկեցին զանգել ու տղաներին կանչել Վարդենիս: Մոտ 150 արաբոյականների Վարդենիս հասցրին քաղաքացիական հագուստներով, առանց զենքի: Զենքն ու համազգեստը եւս Վազգեն Սարգսյանը ուղարկեց Վարդենիս, եւ «Արաբոյին» նորից կռվի մեջ մտցնելու որոշումը ընդունվելուց հաշված ժամեր անց արդեն պատրաստ էինք հարձակման: Միաժամանակ կամաց-կամաց Վարդենիսում կենտրոնացան մի շարք այլ ջոկատներ, պետական գումարտակներ եւս: Ինչպես նշեցի` հակառակորդը ընդհուպ մոտեցել էր Վարդենիսին: Այնքան, որ, պատկերացրեք, մեր հրետանին արդեն տեղակայված էր Զոդի գործարանի մոտ (այսինքն՝ լուրջ վտանգի տակ էր Լաչինի միջանցքը- Հեղ.): Լավ է, Օմար-Քելբաջարից նահանջող ստորաբաժանումները, չնայած բավականին լուրջ կորուստներին, աստիճանաբար կարողացան կայունացնել դիմադրությունը եւ Սեիդլարիի հատվածում ազերիների հարձակումը գրեթե կանգնեցրել էին: Ընդ որում, այդ հատվածում պաշտպանվողների շարքերում էլ արաբոյականներ կային. ժամանակին մեր` Էրեբունու շրջանի զինկոմիսարիատը մոտ 30 արաբոյականների բազայի վրա մեկ վաշտ էր ձեւավորել, որը կռվում էր այդ հատվածում (այն եւս հարձակման ժամանակ միացավ մեզ): Թեեւ այդ վաշտն էլ ունեցավ կորուստներ, բայց տղաները համառորեն կռվում էին…
Չնայած հակառակորդի ունեցած հաջողություններին, մեր ընդհանուր հարձակումը (զուգահեռաբար արցախյան զորամիավորումները հարձակվում էին Մարտակերտ-Օմար ուղղությամբ) շատ արագ եւ հաջողված ստացվեց: Ավելի ճիշտ, լուրջ դիմադրության այդպես էլ չհանդիպեցինք եւ հաշված օրեր անց նախկինում ունեցած մեր դիրքերում էինք` Օմարի բարձունքներում: Հակառակորդը, հաճախ նույնիսկ տեխնիկան թողնելով, պարզապես արագորեն նահանջում էր: Մի դեպքում նույնիսկ հաշվեցինք մոտ 50 միավոր լքված ավտոտեխնիկա: Հարձակման հիմնական բարդությունը ձմեռն էր. շատ դեպքերում առաջ էինք շարժվում մինչեւ գոտկատեղերս հասնող ձյան միջով (եւ նորից նույն հարցը՝ իսկ ինչպե՞ս հակառակորդին հաջողվեց նման ձմռան պայմաններում անցնել Օմարի պաշտպանված դիրքերը- Հեղ.), էլ չեմ խոսում ցրտի մասին: Իսկ թե Օմարում ինչ ձմեռներ են լինում, թերեւս միայն այնտեղ գտնվածները լավ կպատկերացնեն: Դրան գումարած սովը. կտրվել էինք թիկունքից եւ, մինչեւ մատակարարումները կվերականգնվեին, հիմնականում սնվում էինք այն ամենով, ինչ հնարավոր էր տեղում ձեռք բերել: Հաճախ պարզապես ստիպված էինք բավարարվել ձյան տակից հանած խնձորով…
Մի խոսքով, հասանք Օմարի բարձունքները եւ մոտ մեկուկես ամիս մնացինք այնտեղ:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՂԵՔ ԵՎ ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՇՈՒՏ ՆԱՀԱՆՋԵՔ»

Եվ այսպես, 1993թ. դեկտեմբերի վերջին օրերին ադրբեջանական զինուժը նախաձեռնեց արցախյան պատերազմում իր վերջին լայնամասշտաբ հարձակումը: Այդ օրերին Ադրբեջանը արցախյան ճակատում կենտրոնացրել էր մոտ 80 000-անոց զորք, 1 000 միավոր զրահատեխնիկա, 500 միավոր հրետանի, 50 ինքնաթիռ եւ 30 ուղղաթիռ: Այդ նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի կազմում կար մոտ 25 000 մարտիկ (10 000-ը` Հայաստանից), 400 միավոր զրահատեխնիկա, մոտ 170-200 միավոր հրետանի, 10 ուղղաթիռ: Դեկտեմբերի 31-ի գիշերը-հունվարի 1-ին հարձակումը սկսվեց 4 հիմնական ուղղություններով` Արաքսից մինչեւ Օմար: Հարձակման պահին, մասնավորապես` Քելբաջարին հարակից Խանլարի շրջանում Ադրբեջանը կենտրոնացրել էր 17 000 մարդուց բաղկացած երեք բրիգադ, որոնցից երկուսը` մոտ 12 000 մարդով, դեկտեմբերի 31-ի գիշերը Օմարի ձմեռային պայմաններում, ծովի մակերեւույթից մոտ 3000-3500 մ բարձրության վրա շատ ավելի մեծ հաջողության հասավ, քան ճակատային մյուս հատվածներում կենտրոնացված ադրբեջանական մյուս` ավելի քան 63 000-անոց զորքը: Մինչդեռ ձմեռային պայմաններում, այն էլ՝ 1993-94թթ. ձյունառատ ձմռանը, Օմարը գրոհելը ռազմական առումով կարելի է իսկական խելագարություն համարել: Նկատի ունենք, որ լեռնային բարձունքներում նստած հայկական ուժերն անգամ կրակով հարձակվող հակառակորդին կանգնեցնելու կարիք չունեին. բավական էր մի քանի պայթեցում, որ ձյունահյուսքերը լիովին ոչնչացնեին ադրբեջանական ուժերին: Բայց մյուս կողմից՝ հազիվ թե որեւէ մեկը Հեյդար Ալիեւին հիմար կամ խելագար համարի, այսինքն՝ բացառված էր, որ նա առանց հաջողության լուրջ հույսերի` դեկտեմբերի 31-ի գիշերվա կեսին 12 000 մարդու ուղարկեր Օմարի բարձունքները գրոհելու: Իսկ դա նշանակում էր, որ Ալիեւը ուղղակի համոզված էր, որ առանց լուրջ խոչընդոտի զորքն անցնելու է Օմարի մյուս կողմը: Եվ հենց այդպես էլ եղավ: Նախ՝ չկա որեւէ վկայություն, որ ադրբեջանական բանակն Օմարի ուղիները գրավել է մարտերի միջոցով: Ընդհակառակը, կան բազում պնդումներ, որ հակառակորդն անսպասելի հայտնվել է մեր հիմնական պոստերի թիկունքում՝ գերեվարելով կամ սպանելով պաշտպանների մեծ մասին: Եվ դա կարող էին անել մեկ դեպքում, եթե որոշ պոստեր ազերիների ներխուժման պահին դատարկված լինեին: Նկատի ունենք, որ եթե անգամ ազերիներն անակնկալ հասնեին եւ հարձակվեին այդ պոստերի վրա, էլի կլիներ լուրջ մարտ, որը կնկարվեր մյուս պոստերում եւ այնտեղ անակնկալ շրջապատման վտանգ չէր առաջանա: Կարելի է բերել նաեւ այդ անցմանը մասնակից ադրբեջանական սպաներից մեկի վկայությունը. «Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը մենք անցանք Օմարի լեռնանցքն ու սկսեցինք խորանալ Քելբաջարի տարածքում»: «Անցանք Օմարի լեռնանցքը» արտահայտությունը եւս ցույց է տալիս, որ բախումներ չեն եղել: Եվ այստեղ արդեն նկատենք, որ հայ-ադրբեջանական ողջ ճակատով մեկ Քելբաջարի ճակատային գիծը միակ հատվածն էր, որն ուղղակիորեն ղեկավարվում էր, հրամաններ էր ստանում Երեւանից եւ ոչ թե Ստեփանակերտից, ինչպես մյուս հատվածները: Օմարում պաշտպանություն էին գրավել բուն հայաստանյան զորամասերը` բանակային եւ որոշ չափով էլ, եթե կարելի է ասել` կիսակամավորական:
Վերադառնանք Մ.Եղիազարյանի պատմածին: Ավելի կոնկրետ՝ այս մտքին. «Թիկունքից մի բարձրաստիճան եւ բավականին հայտնի ղեկավարից խուճապային բնույթի մի հանձնարարական է ստանում. «Ամեն ինչ թողեք ու որքան կարող եք շուտ նահանջեք»»: Սա բացատրում է, թե ինչպես կարողացավ հակառակորդն անաղմուկ անցնել Օմարը: Այս պատմությունը ներկայացնելիս, պարոն Եղիազարյանը նաեւ տվեց թե՛ թիկունքից հրաման տվողի եւ թե՛ կոնկրետ պոստի հրամանատարի անունները՝ խնդրելով կոռեկտությունից ելնելով՝ չհրապարակել: Հոդվածաշարից տարիներ են անցնել, սակայն նրա այդ խնդրանքն ուժի մեջ համարելով, կրկին անուններ չենք տալիս: Բայց նաեւ ընդգծենք՝ դրանց թվում Սասուն Միքայելյանի անունը չկա, թեեւ կարող է նման տպավորություն առաջանալ, եթե Դ.Շահնազարյանի ասածները կապենք Օմարի հանձման պատմության հետ: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի պոստում են նման հրաման ստացել: Բայց դա արդեն կլինի ենթադրություն եւ ոչ թե ականատեսի վկայություն:
Իհարկե, նաեւ այլ հարց է, թե ինչու պետք է մեր դիրքապահները թիկունքից նման հրաման ստանային: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, թեեւ միայն նկատենք, որ այդ ժամանակահատվածի իրադարձություններն ուսումնասիրելիս, դրանում տրամաբանություն հնարավոր է գտնել:
Ինչ վերաբերում է քելբաջարյան այդ մարտերին, ապա հայկական ուժերը նախ՝ Վարդենիսի հատվածից, ապա՝ Մարտակերտի ուղղությունից կենտրոնանալով, անցան հարձակման: Մարտակերտից իրականացվող հարվածի արդյունքում նորից Օմարն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ՝ մի մեծ «կաթսայի» մեջ թողնելով Օմարն այս կողմ անցած ազերիներին: Մնացածը, այսպես ասած, տեխնիկայի խնդիր էր: Նշենք նաեւ, որ Ճակատամարտի վերջում ազերիների կորուստներ, ըստ նրանց պաշտոնական տվյալների, մոտ 4 000 սպանվածի կարգի էր, ինչն ադրբեջանական աղբյուրները համարում են ողջ պատերազմի ժամանակ կրած կորուստների մոտ 1/3-ը, իսկ որոշ ոչ պաշտոնական տվյալների համաձայն` մոտ երկու անգամ ավելի շատ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

iravunk.com