Հայ ժողովուրդը կրեց ևս մեկ ծանր կորուստ, ապրեց ևս մի դաժան ողբերգություն։ Մեզանից ֆիզիկապես անվերադարձ հեռացավ հայկական Ազատամարտի լավագույն ուժերից և անհատներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլ» մականունով։ Այդ մականունը նրան շնորհել էր պատերազմը, որը մղվեց հանուն Արցախի ժողովրդի ազատության և անկախության։
Այո, Արցախյան պատերազմի տարիներին Արայիկ Խանդոյանը փառքով պսակեց և իր և հայ ազատամարտիկի, և առհասարակ հայ զինվորի դարավոր անունը։ Նրա հեղինակությունը և համբավը տարածվեց ողջ հայության մեջ։
Ի բարեբախտություն մեզ, Արայիկ Խանդոյանը այդպիսի բարձր բարոյական դիրքերի մեջ մնաց նաև պատերազմից հետո՝ երբեք չխոնարհվելով երկրում իշխող ամենաթողության, կամայականության, ստի և կեղծիքի իշխանության առջև։ Նրա վերջին հանդուգն քայլը եղավ «Սասնա ծռերի» հետ, որով նրանք ձգտում էին ստրկության և վախի թմբիրից հանել մեր ժողովրդին։
Պատմությունը, հատագա սերունդները անկասկած բարձր են գնահատելու Խանդոյանի ապրած տարիներն ու ունեցած վաստակը հայրենիքի առջև։
«ԱՐԱԲՈ» հասարակական կազմակերպությունը խորապես ցավակցում է Խանդոյանի հարազատներին և բարեկամներին, և միշտ ու մշտապես խնկարկելու է նրա ազնիվ և պայծառ անունը սերունդների առջև։
«ԱՐԱԲՈ» հասարակական կազմակերպություն